Նորավանքը Հայ առաքելական վանական համալիր է, որը կառուցվել է 13-14 րդ դարերում: Այն գտնվում է Արենի համայնքի Արենի բնակավայրում՝ կենտրոնից 9 կմ հեռավորության վրա:
Համալիրի տարածքում գերիշխող դիրք է գրավում բուրփել իշխանի կառուցած երկհարկ դամբարան-եկեղեցին, որը կառուցվել է 1339 թ.-ին, որպես Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատուն:
Սբ. Աստվածածին Բուրդելաշենը հայկական ճարտարապետության մեջ պահպանված դամբարան-եկեղեցիների բարձրարժեք կատարումներից է: Այն միջնադարյան հայտնի քանդակագործ-մանրանկարիչ Մոմիկի վերջին գործն է: Եկեղեցու հատակագծում կրկնվում է Արենիի սբ. Աստվածածին եկեղեցու հորինվածքը:
Եկեղեցու հարավային կողմում պահպանվել է Միմիկի՝ իր իսկ կողմից կերտած խաչքար-մահարձանը:
Վերին պատուհանի քանդակում պատկերված են Հայր Աստվածը, Ադամը և Քրիստոսը, ինչը հայկական ճարտարապետության մեջ Աստվածաշնչյան թեմաներով արված զարդաքանդակների եզակի գործ է:
Շնորհիվ Բուրթելաշենիէ վանական համալիրն ստացել է Նորավանք անունը, քանի որ համալիրի մեջ ներառված կառույցներից այն ամենավերջինն է:
Նորավանքի վանական համալիրը ոչ միայն Վայոց ձոր մարզի, այլև Հայաստանի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից է:
Բացի հոյակապ ճարտարապետական վայր լինելուց, Նորավանքի հետ կապված բազմաթիվ սիրելի ավանդազրույցներ կան պահպանված, որոնցից մեկը Ճարտարապետ Մոմիկի և սյունյաց իշխանի դստեր սիրո պատմությունն է, որտեղ ասվում է, որ վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան։ Աղջիկն էլ հավանում է Մոմիկին։ Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում՝ «Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նոր գեղեցիկ վանք շինես ինձ համար»։ Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում։ Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը։ Իմանալով այդ՝ իշխանն ուղարկում է ծառային, որը տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը, այնտեղից ցած է հրում Մոմիկին։ Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում նրա համար:
Արենիի սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Արենի համայնքի Արենի բնակավայրում, Արփա գետի ձախ ափին գտնվող բարձունքի վրա:
Եկեղեցին կառուցվել է 1321 թվականին արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից, ով նաև Նորավանքի պատվիրատուն է: Ճարտարապետը ժամանակի հայտնի քանդակագործ-մանրանկարիչ Մոմիկն է:
Սբ. Աստվածածին եկեղեցին առանձնանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով: Մոմիկի ձեռքի աշխատանքն է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված «Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին» բարձրաքանդակը:
Եկեղեցու ներսում գերակշռում է վեր խոյացող գմբեթը՝ հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէ ժամանակի հայկական ճարտարապետությանը: Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանիշները:
Բակում պահպանվել են տարբեր ժամանակների խաչքարեր և տապանաքարեր՝ յուրօրինակ և գեղեցիկ զարդաքանդակներով:
Եկեղեցու շուրջը եղել է բնակատեղի՝ Արփա գյուղը, որը տեղափոխվել է ներկայիս բնակության վայր, հավանաբար, 17-րդ դարում: Բնակիչների շրջանում տարածքը մինչ օրս հայտնի է Վերի գյուղ անվամբ:
Եկեղեցու մոտ է գտնվում նաև Օրբելյան ամենահայտնի իշխաններից մեկի՝ Տարսայիճի կառուցած ապարանքը մնացորդները: Այժմ պահպանված է միայն ապարանքի հիմքը:
Վիմափորը կրոնական կառույց է, որը գտնվում է Արենի համայնքի Ռինդ բնակավայրից 4 կմ հյուսիս ընկած բլրի լանջին:
Ենթադրվում է, որ կառուցվել է 13-14-րդ դարերում: Եկեղեցին ժայռափոր էև գտնվում է դժվարամատչելի բարձունքի վրա: Հատակագիծը կլոր է, մուտքը՝ արևմտյան կողմից: Մուտքի վերևում եղել են մի փոքր և երկու մեծ լուսամուտներ: Եկեղեցու ներսում երևում են ժայռափոր սյուներ, որ ձգվում են դեպի առաստաղ:
Հարավային հատվածում կան մի քանի փորված սրահներ, որոնք առանց տեխնիկական միջոցների անհասանելի են մարդու համար, քանի որ ճանապարհները քայքայված և քանդված են:
Տարածքոը շրջապատված է շքեղ բնությամբ և տարրական ենթակառուցվածքների առկայության դեպքում հնարավոր է, որ դառնա քայլարշավային տուրիզմի սիրահարների ամենահաճախ այցելվող վայրերից:
Ջրովանքը բնության ջրաերկրաբանական հուշարձան է ու սրբատեղի, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Արփի գյուղից 3 կմ հարավ-արևելք, Արփա գետի ձախ վտակի Ջրովանք գետակի ակունքում, ծովի մակարդակից 1345 մետր բարձրության վրա։ Պատկանում է կարստային քարանձավների տիպին։ Որպես մատուռ Ջրովանքն ընդգրկված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Գրանցված է Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։
Ջրովանքի ձորը, որտեղով հոսում է Ջրովանք գետակը, ունի առանձնահատուկ հմայք: Շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա և գտնվում է Էրթիջ բերդը և համանուն գյուղատեղիի մնացորդները:
Ջրովանքը ոչ միայն զբոսաշրջային հայտնի վայր է, այլև դարձել է տեղացի ուխտավորների սիրելի վայրերից մեկը:
Տարածքը նպաստավոր է արտաճանապարհային, հեծանվային և քայլարշավային տուրիզմի զարգացման համար:
Սուրբ Փոկաս մատուռը գտնվում է Նորավանքի վանական համալիրից հարավ-արևելք, կառուցվել է հասարակ քարով 11 րդ. դարում: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի Սուրբ Փոկաս սուրբ հայրապետի անունով մատուռի բեմի տակից մի քիչ ջուր է բխել, իր հետ բերելով «բժշկարար» ձեթ։ Պատմիչը գրում է, որ համաձայն շատ հին ավանդությունների, այստեղ բերվել ու թաղվել են Սուրբ Փոկասի նշխարները, որի անունով էլ կոչել են այս տեղը։ Այդ բուժիչ ձեթը զարմանալի հրաշքներ է գործել։ Բուժել է այն ժամանակների համար «ամենայն անբուժելի ցավք», ինչպիսիք էին գոդությունն ու բորոտությունը, հին նեխած ու ապականված վերքերը և այլն։ Ի դեպ, այս ջորն բխում է մինչ օրս՝ վայրը դարձնելով տեղացի ուխտավորների ամենասիրելի սրբատեղիներից մեկը:
Facebook
Location on Google Maps
YouTube